вход для пользователя
Регистрация
вернуться к обычному виду

"Восемьдесят восьмой..."

05.05.2012 Мариам Амирджанян Статья опубликована в номере №2 (41).
Комментариев:0 Средняя оценка:3/5
Ես 91 թվականինԱրցախյան շարժումն ինձ համար սկսվեց ոչ թե 1988, այլ 1984 թվականին:
Մեր տան հսկայական, լուսավոր, արևով լի պատշգամբի պատին փակցված էր ԽՍՀՄ վարչական քարտեզը: Մոտավորապես 1,5 x 2,5-ի վրա: Ծանր, փայլուն, գունավոր քարտեզ էր, որն այդ տարիներին իմ մշտական ուշադրության կենտրոնում էր: Արևելյան Եվրոպայի մի մասն էլ էր երևում, Թուրքիան՝ նույնպես:

Ես չորրորդ դասարանում էի: Մի օր հայրս երեկոյան մոտ կանչեց և հարցրեց, թե գիտեմ արդյո՞ք, որն է Հայաստանը: «Գիտեմ», — ոգևորվեցի ես: «Իսկ սա տեսնու՞մ ես», — ու ցույց տվեց մի պատառ հող ՀԽՍՀ-ից մի քիչ հեռու:
«Սա Ղարաբաղն է, սա Նախիջևանն է, իսկ սա.. Սա Արևմտյան Հայաստանն է»:
«Բա ինչու՞.»:
«Հետո կիմանաս: Հիմա հիշիր, որ մեր հողերն են: Մի օր հետ ենք բերելու: Հիշեցի՞ր»:

«Հետո»-ն մի քիչ ուշացավ: Եթե Արևմտյան Հայաստանի հարցը շուտով ինքս ինձ համար պարզեցի, մանավանդ որ տան գրքերի մեջ հայտնաբերել էի «Геноцид армян в Османской империи» գիրքը և խիստ շփոթեցրել գեղարվեստի դպրոցի ուսուցիչներիցս մեկին՝ ապրիլի 24-ին նկարելով ոչ թե Ծիծեռնակաբերդը, այլ տարհանվող ու կոտորվող մարդկանց, ապա Ղարաբաղի և Նախիջևանի հետ կապված ոչ մի բան էլ պարզ չէր:

Ինչո՞ւ էր հայաբնակ Ղարաբաղը հայտնվել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ էին Թ.Հակոբյանի «Հայաստանի պատմական աշխարհագրություն» աշխատության Արցախին նվիրված գլուխներն այդչափ համառոտ ու սեղմ, ինչո՞ւ Ղարաբաղի մասին կարելի էր խոսել միայն տանը… բազում «ինչուներ» և ոչ մի հստակ պատասխան:

1988 թվականի փետրվարյան մի օր հայրս եկավ տուն խիստ հուզված: Ձեռքիս հայկական հանրագիտարանի հատորներից մեկն էր՝ եվրոպական տարազների նկարներով: Չհասկացա թե ինչու, բայց սկսեց բարկանալ, թե ինչ անիմաստ բաներով եմ զբաղված:
-Գոնե գիտես, Երևանում ի՞նչ է կատարվում:
Որտեղից իմանայի... ոչինչ էլ չգիտեի:

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, թեթև կաֆկայական երանգ ուներ. կարծես տանդ պատերը փլվեցին, և հայտնվեցիր բացարձակ այլ հարթության մեջ և բացարձակ անպատրաստ: Այն, ինչի մասին խոսվում էր շշուկով, այն, ինչ մինչ այդ պատկերացնել անհնար էր, այժմ հրապարակավ էր և ամենուր: Բազմահազար ցույցեր Երևանում: Բորբոքված և հուզված, բայց դեռ կիսաձայն գիշերային քննարկումներ: Տագնապի ալիքներ օդի մեջ:

Մի քանի օր անց պայթեց Սումգայիթը: Որը գրքերի էջերին քարացած Եղեռնը քաշեց բերեց մեր օրեր: Սումգայիթի ցավը հերթական անգամ շփացրեց երեսներիս, որ թշնամին մնում է թշնամի, անկախ նրանից, թե ինչ շղարշի տակ է՝ երիտթուրքական առաջադիմության թե խորհրդային ինտերնացիոնալիզմի:

Նոր իրականությունը սկզբից ևեթ ձեռք բերեց ողբերգական երանգ: Դրան գումարվեցին մոսկովյան ալիքների բարբաջանքներն ու սուտը: Հեռուստացույցից կառչած հետևում էինք լուրերին: Անընդհատ խոսում էին, որ 33-ից բարձր թիվ չեն ասում, որովհետև դա ընկնում է ՄԱԿ-ի ցեղասպանություն հոդվածի տակ, և այլն, և այլն, և այլն: Հիմա որ հետ եմ նայում… Տեր Աստված, ինչքա՜ն միամիտ էինք…

Մարտին Երևանում պարետային ժամ մտցվեց: Ի դեպ, մարտի ութին Երևանում աղջիկները մոտեցել էին զինվորներին, և մեխակներ նվիրել: “Մենք էքստրեմիստներ չենք» համընդհանուր ալիքի շրջանակներում: Դեռ հավատում էինք, որ Մոսկվայում պարզապես չգիտեն, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ղարաբաղում, որ կարելի է բացատրել, հասցնել ճշմարտությունը… “Թղթե շերեփի” սինդրոմը… Համենայն դեպս, մարտի 24-ի ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ նախարարների խորհուրդի որոշումը ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացումը արագացնելու մասին չնայած մի կողմից հիասթափեցրեց, բայց մյուս կողմից ուղեկցվեց “Ոչինչ, սա էլ լավ է... Սպասենք, տեսնենք…” և այլ արտահայտություններով:

Իսկ ապրիլին սկզբներին Սևանի փողոցներով անցան զրահամեքենաները: Ռուս զինվորներ էին: Եկան կենտրոնական փողոցին զուգահեռ նեղ ու խորդուբորդ փողոցով: Զինվորները շփոթված հայացքներով լղարիկ ջահելներ էին: Հիշում եմ, որ կանգնել էինք փողոցում, գոռում էինք “ռուս, բուլ, բուլ” ու ծիծաղում էինք: Թե որտեղից էին զրահամեքենաները, կողքի Լճաշենի զորամասից թե՞ մի այլ տեղից, չգիտեմ, բայց մի որոշ ժամանակ կանգնած էին Սևանի միակ կենտրոնական փողոցի վրա:
Մորաքույրս նույնիսկ մի օր երեխաների հետ զբոսնելիս մոտեցել էր զրահամեքենաներին ու երեխաներին բացատրել, թե ով են և ինչու են եկել: Ամուսինը վրդովվել էր. ի՞նչ գիտես, ինչ կանեին, որ մոտեցել ես ու մատով էլ ցույց տվել:

Սումգայիթից հետո շուկաներում ադրբեջանցիներին չէինք մոտենում: Լարվածությունը կախվել էր օդի մեջ: Ակնհայտ թշնամանքի դեպքեր չեմ հիշում, բայց դե մինչ այդ էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չեն եղել: Համենայն դեպս ներքին խուլ հակակրանք ադրբեջանցիների, կամ ինչպես ասւմ էինք, թուրքերի նկատմամբ, միշտ էլ եղել է: Դա նման էր երկու իրարամերժ համակարգի՝ մեկ հարթության վրա փոխգոյակցելուն: Բացահայտ արհամարհանք էր ցուցաբերվում նրանց նկատմամբ, ովքեր ամուսնացել էին ադրբեջանցիների հետ: Խուսափում էին նստել միևնույն սեղանի շուրջ, օգտվել միևնույն առարկաներից: Ազնվությամբ ասած, խորհրդային շեփորահարվող բարեկամության դեպքեր մեր տանը և մեր ծանոթների շրջապատում չեմ հիշում: Միգուցե իրավիճակն այլ էր այն վայրերում, որոնք սահմանին ավելի մոտ էին, ուր մարդիկ կիսում էին ադրբեջանցիների հետ միևնույն հոգսերն ու դժվարությունները, առևտուր անում նրանց հետ: Բայց մեր տանը «ադրբեջանցին» և «թուրքը» հավասարազոր հասկացություններ էին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Թուրքերի պատճառով էին նախնիներս լքել Կարսն ու Մուշը, և կարսեցի Շողո տատիկիս ցավը թույլ չէր տալիս այլ հայացքով նայել նրանց, անկախ նրանից, թե որ թուրքերն են՝ անատոլիական թե կովկասյան:

Ապրիլի 24-ի առավոտյան ամբողջ ընտանիքով մեկնեցինք Երևան: Ցուրտ Սևանից այնքա՜ն դուրեկան էին տաք փափուկ Երևանի արևն ու կանաչ հագած հողը: Մաման վերցրել էր սպիտակ գարնանային կոշիկներս, և այնքա՜ն հաճելի էր քայլել փողոցում թեթև հագուստով ու թեթև կոշիկներով: Ծիծեռնակաբերդի ճանապարհը շատ երկարեց: Ժամեր անցան, մինչև հասանք վերև: Մարդկանց հոսքն այդ տարի շա՜տ շատ էր: Արդեն հուշարձանի մոտ էինք համարյա, երբ մի խումբ մոտեցավ՝ Սումգայիթի զոհերի սև-սպիտակ, մեծացրած նկարները բերելով: Սևազգեստ մռայլ մարդիկ էին: Հիշում եմ հեծկլտոցները ու լացը... և հիշում եմ իմ սեփական լռությունը: Դաժան էր, բայց այդ տարի ես մի կաթիլ արցունք անգամ չեմ թափել:

Մայիսի վերջում ինչ-որ դեպքեր էին տեղի ունեցել, և հարևանի 10-ամյա աղջիկը բակում վայնասուն էր դրել: “Թուրքերը կգա՜ն, — ճչում էր, — կգա՜ն, կմորթե՜ն”: Բարկացել էի, գազազել: Չափից դուրս հաճախ էի դա լսում, և չափից դուրս խորն էր այդ խուճապն ու վախը շատ-շատերի մեջ…Եթե ինձ չզսպեի, կծեծեի այդ երեխային...

Սկսեցի հաճախել հրաձգարան: Փոքրիկ անշուք տաղավար էր դպրոցից մի քիչ հեռու: Ամեն օր դասերից հետո մտնում էի, պապայի հատուկ այդ նպատակով տված 20 կոպեկանոցը շրխկացնում կանգնակի վրա, վերցնում պարկուճները: Մեկ լավ էր ստացվում, մեկ՝ վատ: Կարճատես էի, խանգարում էր տեսողությունս:

Օր օրի փոխվում էր մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն: Ամեն օր նոր հոդված, նոր հրապարակում, պատմական նոր փաստ: Թե՛ Ռաֆայել Իշխանյանի, թե՛ Արմեն Հովհաննիսյանի, թե՛ Վազգեն Մանուկյանի և այլոց հոդվածներին մեծ անհամբերությամբ էինք սպասում: Այդ ժամանակ լույս տեսնող բոլոր հայկական թերթերը մեր տանը տեսակավորվում էին և գնում «արխիվ»: Հայրս կտրականապես արգելել էր այդ թերթերին ձեռք տալ, և 90-ի սկզբին արդեն թերթերի սարեր էին գոյացել:

Եռուն շրջան էր: Հեռուստատեսությամբ բավականին հետաքրքիր հաղորդումներ էին, բանավեճեր ու քննարկումներ: Հիշում եմ Ռոբերտ Մավիսակալյանի հաղորդումները և մի հաղորդում, որը երիտասարդ տղաներ էին վարում: Եթե չեմ սխալվում, այն կոչվում էր «Արձագանք» (թե՞ «Անդրադարձ»): Շաբաթը մեկ օր, կարծեմ ուրբաթ երեկոյան էր դուրս գալիս եթեր:
Այնպիսի մի զգացողություն կար, որ մենք նոր ու լուսավոր պատմական փուլի շեմին ենք, որ մեր արդար պայքարի արդյունքում կազատագրվենք այն բոլոր բացասական երևույթներից, որոնք փչացնում էին մեր կյանքը, որ կհասնենք Արցախի հետ վերամիավորմանը, որ վերջապես Մոսկվան կընդունի և կհաստատի, այլ ոչ թե... Միամիտ, միամիտ, միամիտ մարդ արարած...

Հայկական դասարանս և իմ դասղեկը՝ Ղազարյան ԹերեզանՕգոստոս ամսին ԳԽ ընտրություններ էին: Որոշ պատգամավորներ հրաժարվել էին մանդատներից, և այդ ընտրատարածքներում նոր ընտրություններ անցկացվեցին: Տեր-Պետրոսյանը անցավ Գերագույն Խորհուրդ, նաև Աշոտ Մանուչարյանը, Վազգեն Մանուկյանը, Ռաֆայել Ղազարյանը: Ոգևորված էինք, բա ո՜նց: «Ղարաբաղ» կոմիտեի տղաները խորհրդային տոտալիտար մեքենայի դեմ պայքարող մարտիկներն էին: Ու հիմա նրանք Գերագույն խորհրդում էին, այդ կարծրացած պարտիականների կողքին:
Կոմկուսը սրընթաց կորցնում էր հեղինակությունն ու լծակները, ավելի բարձրաձայն էին խոսում Հայրիկյանի և Աշոտ Նավասարդյանի մասին, իսկ ամռանը մեր տանը հայտնվեցին Հ.Ա.Ա.Կ. կուսակցության (կիսագաղտնի կուսակցություն էր կարծեմ) բրոշյուրները: Բավականին ցածրորակ թղթի վրա տպված, հոդվածների մեծ մասը արևմտահայերեն: Հայրենասիրական բնույթի հոդվածներ էին, պատմական ակնարկներ: Վերջապես 1918-21 թթ մասին ինֆորմացիայի աղբյուր հայտնվեց: Մանավանդ առաջին հանրապետության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, Արամ Մանուկյանի, Սիմոն Վրացյանի և այլոց մասին: Այդ բրոշյուրներում առաջին անգամ կյանքումս կարդացի Ռուսաստանից անկախանալու կոչերը: Զարմացել և տարակուսել էի, քանի որ այդ շրջանում անկախության մասին ոչ ոք չէր մտածում: Համենայն դեպս իմ միջավայրում: Անկախությունը շատ հեռավոր գաղափար էր, իսկ խորհրդային մամլիչն ու տանկերը՝ շատ մոտ:

Այդ բրոշյուրները  մի զավեշտալի պատմության մեջ ընկան: Արդեն հայկական դպրոցում թղթի թափոն էինք հավաքում, և ես հին, խունացած թերթերի հետ մեկտեղ (“Известия”, “Труд”, կհիշե՞ք) մեխանիկորեն նույն տոպրակի մեջ դրեցի “Հ.Ա.Ա.Կ.”-ի համարները, որոնք դեղնավուն թղթի վրա էին տպված: Երբ հասկացա, թե ինչ եմ արել, կապոցներն արդեն դպրոցի ձեղնահարկում էին, մուտքն էլ այնտեղ միայն փայտե աստիճաններով, այն էլ բակի կողմից: Տնտեսվարին ասեցի, որ կարևոր փաստաթուղթ եմ թողել կապոցի մեջ, բարձրացա, խառնշտորեցի, գտա, ու հենց որ պիտի իջնեի, զանգը տվեց: Դե հո՞ բոլորի աչքի առաջ չէի իջնելու կտուրից: Լուռ արձանի պես նստեցի կտուրին, աշակերտների ու ուսուցիչների շշմած շշուկների ներքո, մինչև զանգը տվեց, բոլորն հեռացան, ու ես իջա:

Նոյեմբերին մեր ԳԽ որոշում ընդունեց, որ այսուհետ անցնելու են կենտրոնի այն որոշումները, որոնց հավանություն կտա ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը: Կարծեմ Մոսկվան բավականին սուր արձագանքեց, և Երևանում նորից պարետային ժամ մտցվեց: Սկսվեց աննորմալ տաք դեկտեմբերը:

Պատահել էր, որ ձյուն չգար մինչև դեկտեմբեր, բայց ցուրտն ու քամին մշտական էին: Իսկ այդ օրերին այնքան տաք էր, կարծես գարնան շեմին էինք: Մեծահասակներն անհանգիստ էին, իսկ մենք ուրախ էինք, որ Սևանին հատուկ սառնամանիքն ուշանում է:

Դեկտեմբերի յոթին մեր դասերն ավարտվեցին շատ շուտ: Երրորդ դասից հետո մեզ տուն ուղարկեցին: Տղաները մնացին դասարանում “գոտի խաղալու”, ես ու ընկերուհիներս պատրաստվեցինք տուն գնալ: Դուրս գալուց առաջ աղջիկներից մեկը կանգ առավ և գլուխը բարձրացրեց վերև: Հաջորդ պահին տրորում էի աչքերս. ծեփանների փոշին էր լցվել: Մինչ հասցրեցի ընկալել, թե ինչ է կատարվում, միջանցքի երկու կողմից վրա տվեց խառնված ու ճչացող աշակերտների և ուսուցիչների ամբոխը: Ռուսական նորակառույց դպրոցում երկրաշարժը զգացվել էր շատ ավելի ուժեղ և շատ ավելի շոշափելի հետքեր թողել պատերին: Նորակառույց էր, “փա՜ռք” խորհրդային շինարարությանը: Չնայած, ի՞նչ կապ ունի խորհրդայինը: Կառուցել էին մեր հայերն իրենց երեխաների ու թոռների համար: Ցեմենտն ու գաջը գողացող շինարարն, աշխղեկն ու ինժեները մի՞թե չէին հասկանում, որ նման ձևով կառուցված շենքը ճաք է տալու, փլվելու է, մահվան բուն է լինելու: Հերթական հանցավոր կարճատեսության հերթական օրինակ:

Չեմ կարողանում ճիշտ բառեր ընտրել, չեմ կարողանում նկարագրել այդ մթագնած դեմքերը, տագնապը, սարսափը: Աղետ էր: Այդ մի քանի ժամը, որոնց ընթացքում գալիս ու գալիս էին լուրերը. Լենինականը չկա, Սպիտակը չկա: Շոկ: Մոլորվածություն:

Գեղարվեստի դպրոցի մեր արվեստանոցըՄի քանի օր չանցած ձերբակալեցին “Ղարաբաղ” կոմիտեի տղաներին: Հետո սկսվեց երեխաների ու ընտանիքների՝ խմբերով Ռուսաստան ուղարկելը: Անընդհատ խոսակցություններ էին պտտվում, որ երկրաշարժը պատահական չէր, որ բանակի գաղտնի հատուկ գործողությունների արդյունք էր, որ Գորբաչովը հենց երկրից գնում է, մի բան սարքում են, որ երեխաներին հատուկ են դուրս ուղարկում, որ “ռսանան”, հետ չգան: Եվ այլն, և այլն, և այլն:

Ես չեմ էլ ուզում քննարկել այդ լուրերն ու ֆանտաստիկ տեսությունները: Պարզապես փաստում եմ, որ այդ օրերին դա ասվում էր անընդհատ ու ամենուր: Ու հավատում էր մեծամասնությունը: Մոսկվայից այդ ժամանակ ամեն ինչ սպասելի էր: Եթե վաղը սովետական զորքը գրոհեր ու սպանդ կազմակերպեր, երևի ոչ ոք չէր զարմանա: Եվ “Օղակ” օպերացիան էլ, երբ խորհրդային ОМОН-ը ադրբեջանցիների հետ միասին գրոհեցին Գետաշենի և Շահումյանի շրջանի վրա, անսպասելի չէր, լիովին տեղավորվում էր այն տրամաբանության մեջ, որը ձևավորվել էր 88 թվականից սկսած:

Երկրաշարժից մնացած ամենատհաճ (չեմ ասում ամենացավոտ, դա այլ թեմա է) զգացողությունը աղետի գոտի եկած օգնության հափշտակումներն ու գողանալն էր, որտեղ՝ գաղտնի, որտեղ՝ բացեիբաց: Այդ օրերին ու ամիսներին հայրենակիցներիս մի հատվածը վերածվեց ամբոխի և գողերի: Ամոթ չէին զգում օգնությունը յուրացնելու և գողանալու համար… “Պա՜հ, մենք չէ, ուրիշն է տանելու” կարգախոսով զինված: Գլուխ գովելով, թե ինչ են թռցրել և ինչքան: Չամաչելով ու չքաշվելով:
Ամոթը, որ հայրենակիցներիս մեջ կան նման տականքներ, էլ ավելի սաստկացավ Ֆուկուսիմայի դեպքերից հետո: Ճապոնացիների ծայրահեղ բարոյական պահվածքը և դիակապտության բացակայությունը մի կողմից առաջացնում էին խոր հարգանք նրանց նկատմամբ, իսկ մյուս կողմից ցավ էր տալիս հարցը՝ ի՞սկ մենք...

Հետագայում արդեն, երբ կսկսվեն ռազմական գործողությունները, երբ կազատագրվեն Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը, այդ առուփախի երակն ավելի ու ավելի ցայտուն կդրսևորվի: Սահմաններին կանգնածների մասին արհամարհանքով խոսելու, ապահով երևանյան բնակարաններում շարժումը ծաղրելու, ծակ աչքն ագահորեն կշտացնելու մոլուցքի և այլ երևույթների մեջ: Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ երակը, որն առնետի պես մի անկյուն էր քաշվել շարժման սկզբնական տարիներին, անկախություն հռչակելուց հետո ժանտախտի պես թափանցեց հայաստանյան իրականության բոլոր ոլորտները, ոտնատակ տալով արդարության և ազնվության բոլոր դրսևորումները, հայրենիքը կառուցելու բոլոր քայլերը...Լափեցին, վաճառեցին հաստոց ու գործարան, յուրացրեցին դպրոց ու հիվանդանոց, քաղցկեղի պես պատեցին իշխանական օղակները...

Այդ ամիսն անցավ տագնապի, հետցնցումների, մգլապատ թուխպի մեջ, 1989 թվականը դիմավորեցինք քար լռության մեջ…

Փետրվարին փակվեց ատոմակայանը: Ատոմակայանը փակելուն ուղղված ցույցերը մոլեգնում էին դեռ 88-ի հունիս-հուլիս ամիսներին: Որոշել էին փակել 92-ին, բայց երկրաշարժից հետո այդ գործընթացն արագացվեց: Ատոմակայանի աշխատանքների դադարեցումը ցուցադրվում էր ուղիղ եթերով:  Մի կողմից, էկո-ցույցերի “հետցնցումներն” ու երկրաշարժը, մյուս կողմից՝ ատոմակայանի աշխատողների մռայլ դեմքերն ու մի տեսակ օդում առկախ հարցը՝ բա հետո՞:

Այդ “հետո”-ն էլ ավելի սրվեց 89-ի հունիսին: Ցույցերի հերթական ալիքը ստիպեց ընդունել նոր որոշում, այս անգամ արդեն “Նաիրիտի”, հետագայում էլ Ալավերդու պղնձամոլիբդենային և Վանաձորի քիմիական գործարանների վերաբերյալ: Ընդհանրապես դժվարանում եմ որևէ որակում տալ այս քայլերին: Այն, որ “Ղարաբաղ” կոմիտեի պայծառ դեմքերը տնտեսագիտությունից և իրավիճակի սթափ ընկալումից հեռու էին, հասկանում եմ: Մյուս կողմից էլ հեղինակազրկված կոմկուսը չէր կարողանում ինչպես հարկն է օգտագործել իր կադրային ներուժը, կառավարման իր փորձը, ի վիճակի չէր զսպել կամ ճիշտ ճանապարհով ուղղորդել ցույցերի այդ ալիքները: Կոմկուսը սրընթաց նահանջում էր, իսկ Արցախի համար մի բռունցք դարձած ժողովուրդը միշտ չէ, որ հասկանում էր, թե ինչ է անում: 89-ի ամառն արդեն սթափեցնող էր. հուլիսից Հայաստանը ենթարկվել էր շրջափակման: Լուրջ խնդիրներ և մարտահրավերներ էին հորիզոնին, իսկ հրապարակներում շարունակվում էին էկո-ցույցերը:

Հիմա, տարիներ անց, մեծագույն դժվարությամբ եմ կարողանում ընկալել իրավիճակը: Գնալով ավելի ու ավելի էին սրվում հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ մենք գործարան ու ատոմակայն էինք փակում՝ գոռգոռալով էկոլոգիայի և առողջ սերունդների մասին: Մի՞թե էկոլոգիական խնդիրներն էին առաջնային այս շրջանում: Մի՞թե շարժման գլուխ կանգնած գրագետ ու կիրթ մտավորականները չէին հասկանում և չէին տեսնում գալիք վտանգները:

Հովակիմյան Մուրադ, Սևանի գեղարվեստի դպրոցի տնօրենը 1985-90 թթ.89-ի առաջին ամիսներին մեր դասարանում հայտնվեցին առաջին երեխաները Բաքվից: Կոնկրետ այն երեխաները, որոնք մեր դասարանում էին, բացարձակ հայերենին չէին տիրապետում: Ընդհանրապես Հայաստան, հայկական խնդիրներ, հայկական պահանջատիրություն և նման հարցերը մեր նոր ընկերների համար դատարկ խոսքեր էին, և նրանց մեծ մասն էլ հետագայում հեռացավ երկրից: Փաստեմ նաև, որ տեղի հայերի վերաբերմունքն էլ միշտ չէ, որ պատշաճ մակարդակի վրա էր: Նողկանք առաջացնող բամբասանքներ ու կողմնակալ վերաբերմունք “բաքվեցիների” նկատմամբ, ինչպես և դարասկզբին “գաղթականների”, հետո՝ “ախպարների”, իսկ հետագայում՝ “ղարաբաղցիների” նկատմամբ: Սա մի խնդիր էր, որը մշտապես առկա էր, որը աչք էր ծակում ու վհատեցնում էր: Հայրս հաճախ էր բարկանում. “-ցի” վերջածանցը էս ազգի դժբախտությունն է...”

Մեր պատմության նոր ուսուցչուհին էլ Բաքվից: Փոքրամարմին, դեմքի կեսը զբաղեցնող մեծ աչքերով, արծվաքիթ: Շատ գեղեցիկ էր: Բայց վախվորած էր ու երկչոտ: Նույնիսկ նկատողություն չէր կարողանում անել: Այն էլ մեր, մեղմ ասած, վայրենի դասարանում: Դժվարանում եմ ասել, ինչեր էր նա տեսել, կամ ինչի միջով էր անցել: Քայլում էր շատ թեթև ու եթերային, խոսում կամաց, համարյա շշուկով: Ամաչում եմ, բայց նույնիսկ անունը չեմ կարողանում հիշել:

Այս տարիներին ես գեղարվեստի դպրոց էի հաճախում: Մեր տնօրենը՝ Հովակիմյան Մուրադը, գեղարվեստի դպրոցը դեռ 86-87 թվականներից վերածել էր փոքրիկ հայրենասիրական օջախի: Շատ յուրօրինակ մոտեցում ուներ աշակերտների հանդեպ: Մեր դասերի մթնոլորտն ընկերական էր, արվեստի ու նկարիչների մասին դասախոսություններին զուգահեռ նա մեզ հետ երկար ու հանգամանորեն զրուցում էր բարոյականությունից, կրոնից, պատմությունից: 88-ին իր շնորհիվ արդեն լրացնում էինք պատմության մեջ մեր գիտելիքների բացերը. դասագրքերն այն ժամանակ խիստ սուղ և հակիրճ ինֆորմացիա էին տրամադրում: 88-ին էլ սկսեցինք գործել կարպետները՝ ըստ այբուբենի տառերի: Ինձ բաժին ընկավ “Խ” տառը: Հովակիմյանը ժպտաց, թե Մարիամ ջան, Մարինեներն ու Մարիամները շատ են, արի դու “Խ” տառով գործիր, Խանդութ ու Խանում չունենք: Եվ ինքն էլ նկարեց ապագա կարպետը. սև ֆոնի վրա խաղող և կանաչ գույնի տարբեր երանգներով նախշեր:

Հովակիմյան Մուրադն ինձ համար մինչ այժմ էլ մնում է հայ մտավորականի լավագույն մարմնավորումը: Մարդ, որին հասու էին ժամանակի ամենաառաջադեմ եվրոպական գաղափարները, բայց որն արտասովոր հմտությամբ շաղկապում էր արևմտյան լայնախոհությունն ու զուտ հայկական խնդիրները:
Հետագայում արդեն Մուրադն ու հայրիկս լավագույն ընկերներ էին, սահմաններում ՝ նույնպես:

Գարնանը բաց թողեցին “Ղարաբաղ” կոմիտեի տղաներին: Այդ կադրերը լավ եմ հիշում: Ժողովուրդը ծովի պես կանգնած էր, ու նրանք շարքով անցնում էին՝ նիհար, մի տեսակ կծկված, խեղճացած, մթագնած: Մանավանդ տպավորվել էր Վանո Սիրադեղյանը: Ոնց որ համակենտրոնացման ճամբարից փախած, սոված, խեղճ բանտարկյալներ:

Այդ ամիսներին, կամ ավելի շուտ, հիմա լավ չեմ հիշում, սկսվեց ցույցերի մի ալիք ռուսական դպրոցներում հայոց պատմության և հայոց լեզվի ու գրականության դասաժամերի ավելացման համար: Ես չեմ կարող ասել, որ այդ ցույցերի բարձրագոչ վանկարկումները դպրոցական ընկերներիս մեծամասնության սրտից էին բխում: Ոչ, ավելի շուտ հարմար առիթ էր դասերից փախչելու համար: Հավաքվում էինք ռուսական դպրոցի բակում, գոռում-գոչում, բարձրանում հոծ խմբերով դեպի երկրորդ կամ յոթերորդ դպրոցներ: Տնօրենները շփոթված էին ու բացարձակ անպատրաստ նման իրադարձություններին: Բայց ռուսական դպրոցի մեր տնօրենը ամեն ջանք գործադրում էր այդ քաոսը կանխելու համար: Կողպում էին դռները, փակում օժանդակ մուտքերն ու ելքերը, բայց իզուր: Նույնիսկ առաջին հարկի պատուհաններից ցած էին ցատկում: Դա տևեց շաբաթներ և ամիսներ: Արդյունքում ավելացրեցին և՛ հայոց լեզվի, և՛ հայոց պատմության դասաժամերը: Բայց ի՞նչ օգուտ: Ինչպես դասերից փախել էին, այնպես էլ շարունակում էին փախնել: Ավելացրած չէ, ծրագրով նախատեսված ժամերին էլ դասասենյակները կիսադատարկ էին:

Երկրաշարժից հետո դա հիասթափության երկրորդ ալիքն էր. խոսքի և գործի, բարձրաձայնվող գաղափարների ու հետագա անելիքների անհամապատասխանության... Ցույցեր և զրոյական արդյունքով գործողություններ: Այնինչ այդ տարվա ուսուցչուհին շատ լավն էր (և ոչ միայն այդ տարվա, հայոց լեզվի ուսուցչուհիներս բոլորն էլ լավն էին): Սոնա Ռոբերտովնա: Երևանից էր: Սկզբունքային, ազնիվ, ընկերական, բայց և շատ խիստ ուսուցչուհի էր:

Դասարանցիներիցս աստիճանաբար կտրվեցի: Գաղափարական այն աշխարհը, ուր ես ընկղմվել էի դեռահասին հատուկ ծայրահեղությամբ, չէր հանդուրժում այն իրականությունը, որը ծավալվում էր շուրջս: Սկսեցի առանձնանալ ու պարփակվել ինքս իմ մեջ: Բնավորությամբ շփվող չէի, իսկ հիմա արդեն ամեն ինչն էր աչք ծակում: Չափից դուրս փոքր էի հասկանալու համար, որ կյանքը չի դադարում նույնիսկ հեղափոխությունների ժամանակ: Տեսադաշտս նեղացել, ամփոփվել էր շարժման մեջ: Իսկ մեր դասարանում համընդհանուր անտարբերության մթնոլորտ էր: Ոչ մի գաղափար, ոչ մի նպատակ, ոչ մի լուսավոր կետ: Ու դա սարսափելի վհատեցնում էր:

Հիմնականում շփվում էի պապայի ընկերների հետ: Շփվել ասելը շատ բարձր է հնչում: Նրանք էին խոսում, քննարկում, վիճում, ես լուռ նստում էի անկյունում, ականջներս ու հոգիս՝ բաց: Պապայի ընկերների մեջ էր արդեն Հովակիմյան Մուրադը, թավ բեղերով ու հաղթանդամ ապագա ազատամարտիկները, կորացած մեջքով ու նիհար “կոմպյուտերշիկը”, որն իր ամբողջ աշխատավարձը կարող էր փոխանցել մանկատան հաշվին: Նրանց այս փոքր խմբին հետագայում միացան ապագա չինովնիկներ, կարյերիստներ, պատահական մարդիկ... Տարբեր էին: Եվ տարբեր ճակատագրեր ունեցան...

Ամռան ամիսներին սկսեցի մտածել դպրոցը փոխելու մասին: Իհարկե, հիասթափությունն իր դերը խաղաց, բայց հիմնական պատճառը որևէ կապ չուներ հայրենասիրական զգացմունքների հետ: Պարզապես ինքնամոռաց սիրահարվել էի Դանիել Վարուժանին: Բանաստեղծություններին, նամակներին, հոդվածներին, լուսանկարներին: Ու լրիվ այլ երանգներ էին ստացել Պոլիսն ու Սեբաստիան, Վենետիկն ու Բելգիան: Սուրբ Ղազարոս կղզին, Գենտի փողոցները, “պելճիք” գյուղը, Պոլսի թաղերը՝ ամենն արդեն վարուժանական էր ու հարազատ: Ամբողջ օրը ոգևորված պատմում էի՝ մամ, պապ, գիտե՞ք, բա Վարուժանը..., իսկ երեկոյան մեր տանը մաման ու պապան վեճ էին սկսում, թե ով է հիմա կարդալու այդ մուգ կապույտ հատորը: Էլ ի՞նչ մասնագիտության մասին պետք է երազեի այսքանից հետո: Իհարկե, բանասերի: Սկսվեցին երկար ու ձիգ քննարկումները. ինձ համոզում էին, որ ռուսական կրթությամբ չեմ կարող ընդունվել հայկական բանասիրության բաժին: Մտայնությունը, որ ռուսական դպրոցի աշակերտները չգիտեն հայերեն, չեն կարող գրել, խոսել, պատմել, շատ ավելի խորն էր, քան ես պատկերացնում էի: Այնինչ հայոց լեզվի և գրականության արտակարգ ուսուցչուհիներ եմ ունեցել: Կիմա Գեղամովնան, որը մեզ սովորեցրեց հայերեն տառերը մարգարիտների պես շարել, ու նրա շնորհիվ է, որ շատ գեղեցիկ ձեռագիր ունեմ, Բիձոյան Սվետլանան, Սոնա Ռոբերտովնան:

Չնայած շատ ավելի կարևոր էր հորս ազդեցությունը: Մեր տանը արգելված էր ռուսերեն խոսել: Արգելված էին “телевизор”, “холодильник” և այլ ռուսերեն բառերը: Հեռուստացույց, սառնարան, ձայնարկիչ: Աղբթափիկ: Ով չհասկացավ, դա совок-ն է: Եվ Թումանյան, Աղայան, Րաֆֆի ես կարդացել եմ շատ ավելի շուտ, քան Պուշկին և Լերմոնտով:
Ինչևէ, որոշեցի տեղափոխվել հայկական դպրոց: Ինձ հետ միասին ևս մի աղջիկ մեր դասարանից տեղափոխվեց մեկ ուրիշ հայկական դպրոց: 9-րդ դասարանից մենք երկուսս էինք: Մեր տնօրենն այդ փաստին շատ սուր արձագանքեց: Նրան թվում էր, թե մեզ վրա ազդել են ծնողները և հասարակական խլրտումները: Բայց էլի եմ ասում, կոնկրետ իմ արարքը որևէ հայրենասիրական դրդապատճառ չուներ, և տանն էլ որևէ մեկը ո՛չ ազդել էր, ո՛չ դրդել: Հայրս, իհարկե, գոհ էր: Բայց գոհունակությունը ցույց տվեց միայն տեղափոխվելուց հետո:

Երկար մտածում էի, արժե արդյո՞ք համեմատել հայկական ու ռուսական դասարաններս: Երևի թե պետք է: Առավել ևս, որ համեմատությունը վերաբերվում է կոնկրետ երկու դասարանների իմ ընկերներին, այլ ոչ թե հայկական ու ռուսական դպրոցներին ընդհանրապես:

Հայրիկս՝ Խանզադյան Գագիկը ընկերների հետ (վերևի շարքում ձախից երրորդը, երկրորդը հորեղբայրս է՝ Գրիգորը) Կարմիրի շրջանի Վահան գյուղի սահմանամերձ սարերում:Հետաքրքիր է, որ ես, իմ “մարդատյացությամբ” հանդերձ, ինձ նոր դասարանում շատ լավ էի զգում: Հայկական դասարանի ընկերներս շատ ավելի ջերմ էին ու սրտառուչ: Հենց հայկական դասարանում ես սկսեցի գնալ ծնունդների, երեկույթների, մի բան, ինչից միշտ խուսափում էի ռուսական դասարանում: Դասամիջոցներին ծիծաղում էինք, վազվզում ու կատակում: Մթնոլորտը շատ ավելի ուրախ էր ու անմիջական: Դասարանում խմբավորումներ չկային, ներքին պայքար, գժտություններ ու մշտական վեճ ու բամբասանք, ինչպես հին դասարանում, նույնպես չկար:
Միևնույն ժամանակ նոր ընկերներս ավելի փակ էին նորի նկատմամբ ու շատ ավելի ավանդապաշտ էին: Օրինակ, այն փաստը, որ ես ընկեր ունեմ, գաղտնի էի պահում, քանի որ վերաբերմունքը միանշանակ վատն էր լինելու: Ու մի բան էլ. ես, որ նախկին դասարանում սովորական լավ աշակերտ էի, միանգամից դարձա լավագույններից մեկը դասարանում: Միգուցե պատճառը ռուսական դպրոցի տեխնիկական հագեցվածությունն էր. մեր դասագրքերը, դիաֆիլմերն ու դիդակտիկ նյութերն անհամեմատ ավելի լավն էին, քան հայկական դպրոցներում: Իր դերն էր խաղում նաև այն փաստը, որ թե՛ կուսակցական, թե՛ մտավորական “էլիտան”, թե՛ շարքային քաղաքացիները, որոնց մեջ էլ իմ ծնողները, ինչ-ինչ նպատակներից ելնելով (իմ դեպքում, օրինակ, դա կրթությունը Մոսկվայում շարունակելն էր) իրենց շնորհալի երեխաներին նախընտրում էին ուղարկել ռուսական դպրոց, և այս ամենի արդյունքում ռուսական դպրոցում ավելի շատ ընդունակ երեխա էր հայտնվում, քան հայկական դպրոցներում: Բնականաբար, շատ-շատերի մեջ էլ խոսում էր քաղքենիական “պրեստիժին” տուրք տալը… Ինչևէ: Ես շատ շնորհակալ եմ ռւսական դպրոցի ուսուցիչներիս ինձ այսքան գիտելիք և բավականին լայն մտահորիզոն տալու համար: Միևնույն ժամանակ ռուսական դպրոցը հայրենասիրություն չէր սերմանում: Այն մի փոքրիկ լոկալ “մոսկվա” էր խորհրդային ծայրամասերից մեկում: Մեր ուսուցիչների մի զգալի մասը կա՛մ ռուս էին, կա՛մ Բաքվից, Թիֆլիսից, Մոսկվայից եկած հայեր, որոնք շատ լայն մտահորիզոն ունեին և հոյակապ կրթություն, բայց անհաղորդ էին հայկական խնդիրներին:

Ինչպե՞ս կրթության մեջ համադրել այդ երկու կարևոր գործոնը. համաշխարհային զարգացումներին և նվաճումներին հաղորդակից լինելն ու հայրենասիրությունը… հարց, որին ցայսօր որևէ լուրջ լուծում չի տրվել:

Հայկական դպրոցը շատ ավելի հին էր ու անխնամ, քան մեր նորակառույց, “Էլեկտրոնիկի” ֆիլմի դպրոցին նման ռուսական դպրոցը: Այս դպրոցը կառուցել էին դեռ գերմանացի ռազմագերիները: Հատակը փայտից էր, արագ վազելուց դղրդում էր, դասարանները փոքր էին, նստարանները՝ հին: Զուգարանը խայտառակ վիճակում էր, մարզադահլիճը՝ նույնպես: Տեղ-տեղ քարուքանդ պատերի ծեփանների տակից երևում էին փայտե սյուները, դռներն ու պատուհանները հին էին, նեղլիկ և անշուք: Չգիտեմ, թե ինչն էր դպրոցի նման վիճակի պատճառը: Մյուս հայկական դպրոցները շատ ավելի նորմալ շենքային պայմաններ ունեին, քան այս դպրոցը: Ցավոք, հիմա դպրոցի շենքը քանդել են: Մի կողմից տխրում եմ, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ արդեն անհնար էր այդ շենքը շահագործել: Բայց այդ դպրոցում մի շունչ կար, մի աուրա, որ մնացած դպրոցներում չկար: Սևանի ամենահին դպրոցն էր. մեր տատիկների, պապիկների, հայրիկների, մայրիկների դպրոցը: Կենդանի կապ էր մեր ավագ սերնդի հետ, կապ, որ հիմա քանդվեց ու փոշիացավ...

Առաջին դասը, որ ձեռք բարձրացրեցի ու գնացի պատասխանելու, նոր պատմության դասն էր: Ուսուցչուհին, ընկեր Թադևոսյանը, բարձրահասակ, գեղեցիկ մեծ աչքերով նորավարտ աղջիկ էր: Երբ դուրս եկա գրատախտակի մոտ, դասարանի “լավ” տղաներից մեկը՝ Կարենը, ձեռքերը տարածեց, բա՝ “Արա՜,  հլը սաղդ սո՛ւս”: Երբ սկսեցի պատմել, քար լռություն էր: Պատմեցի, և մինչ ուսուցչուհին կհասցներ մի բան ասել, Կարենը բարձրաձայն. “Արա՜, խոսում ա հայերեն..” Ես բարկանում էի նման վերաբերմունքից, ինձ համար երբևէ խնդիր չէր եղել հայերեն խոսելն ու պատմելը, բայց դե ռուսական դպրոցների ոչ բոլոր աշակերտներն էին կարող դա ասել...

Հոկտեմբերին առաջարկեցին ընդունվել կոմերտմիություն: Հրաժարվեցի: Հետո երեխաները կատակ էին անում. “Մենք, մենք, 28 կոմերիտականներս և մեկ ոչ կոմերիտականս”:

Այդ աշուն պապայենք ուղղաթիռով օգնություն էին տանում Ղարաբաղ: Ուղղաթիռի վառելիքի գումարը սովորաբար փոխանցում էր որևէ հիմնարկություն, որի տնօրենին երկար-բարակ համոզում էին, հավաքում էին  սնունդ, հագուստ և այլ բաներ և տեղափոխում Ղարաբաղ: Մարդակերտի Մեծ Շեն գյուղ են տարել մի քանի անգամ:

Այս ամիսներին ադրբեջանցիները սուս-փուս հեռանում էին: Ակնհայտ թշնամանք, հալածանքներ և նման դեպքեր չեմ հիշում: Պապայի աշխատավայրում մի հիմար հարբած տրակտորիստ փորձել էր ծեծել ադրբեջանուհի կանանց, բայց տղամարդիկ շան ծեծ էին տվել սրան:

Իսկ ահա 1989 թվականի դեկտեմբերի 1-ը … Այդ օրը ԳԽ-ն վերջապես ընդունեց պատմական որոշումներից մեկը՝ հռչակեց Արցախի ու ՀԽՍՀ վերամիավորումը: Հեռուստացույցին կպած լարված նայում էինք: Եթե չեմ սխալվում, նիստը տևեց բավականին երկար, և արդեն երեկոյան ժամերն էին, երբ դահլիճ մտավ Իգոր Մուրադյանը՝ դրոշը ձեռքին: Այդ կադրը՝ Մուրադյանի ամբիոնին հասնելը դրոշը ձեռքերում պահած ու վերամիավորումը բարձրաձայն հռչակելը դաջվել է հիշողությանս մեջ: Հիշում եմ այդ սքանչելի մթնոլորտը: Շփոթված պատգամավորների դեմքերը: Ծափահարությունները:
Դա այն որոշումն էր, որին սպասում էինք: Որը կայացնելու համար քաղաքական կամք ու վճռականություն էր պետք... Թե ի՞նչ եղավ հետո, ինչ որոգայթներ ու դավեր եկան աղավաղելու այս փայլուն ձեռբերումը, այլ հարց է արդեն…

Մոտենում էր Ամանորը: 1990 թվականը Հայաստանը դիմավորելու էր Արցախի հետ վերամիավորումը հռչակած, շրջափակված, էկոլոգիապես մաքուր, բայց անհասկանալի հեռանկարով...
Средняя оценка:3/5Оставить оценку
Использован шрифт AMG Anahit Semi Serif предоставленный ООО <<Аракс Медиа Групп>>